2020թ. սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ կրթահամալիրի կառավարման խորհրդի բաց նիստը՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի, կրթահամալիրի վարչական խորհրդի, մանկավարժական աշխատողների ժողովի, սեբաստացի բաց համայնքի ծնողական խորհուրդների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Խորհուրդը լսեց հետևյալ հարցերը՝

· «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմակերպման ընթացքի մասին։

· Կրթահամալիր ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունների դադարեցման մասին։

· 2020թ. սեպտեմբերի 14-ին ընդառաջ, կրթահամալիրի բնականոն գործունեության մասին։

ՀՀ վարչապետի հանձնարարությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հնգօրյա ժամկետում ներկայացնելու «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմավորելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ոգևորում և կառուցողական տրամադրվածություն է հաղորդում կրթահամալիրի տնօրինությանը, աշխատողներին, կառավարման խոհրդին, սեբաստացի կրթական բաց համայնքին։ Սեպտեմբերի 4-ին կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված շքերթը, Սասնալանջի վերածված սարալանջի հանրային ներկայացումը, սեպտեմբերի 1-3-ը կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատասխանատուների՝ կառավարության որոշման նախապատրաստման համատեղ աշխատանքը դրա ապացույցն են։ Ծնողների նախաձեռնությամբ ստեղծվել է և սեպտեմբերի 7-ից կսկսի գործել հանրային իրազեկման համար ասուլիսների ամենօրյա հարթակը, որը սեբաստացի կրթական բաց համայնքի ամենշաբաթյա առցանց հանդիպումների հետ թույլ չի տա, որ ոչ հավաստի տեղեկություն փոխանցվի հանրությանը, կբացառի համայնքի շահերին հակասող, խորհրդի բաց նիստում արտահայտված և որոշում դարձած դիրքորոշման շրջանակից դուրս որևէ գործողություն։

Սեպտեմբերի 7-ից կրթահամալիրի ուսումնակազմակերպչական, ուսումնահետազոտական, տնտեսության գծով փոխտնօրենները, կրթահամալիրի դպրոցների, քոլեջի տնօրենները իրենց պարտականությունների բարեխիղճ կատարմամբ, ունենալով կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի անվերապահ աջակցությունը, կապահովեն կրթահամալիրին բնորոշ մոբիլ, ստեղծական, բարեխիղճ աշխատանքը, որպեսզի սեպտեմբերի 14-ից կրթահամալիրով մեկ լիարժեք դառնա ուսումնական պարապմունքների կազմակերպումը՝ սեպտեմբերի 1-ից սկսված ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցների համակցումով։

Քննարկման արդյունքներով ընդունվեց հայտարարություն։ Սեբաստացի կրթական բաց համայնքը՝

· լիահույս է, որ ՀՀ կառավարությունը, ՀՀ ԿԳՄՍՆ գնահատում են կրթահամալիրի 31 տարվա ինքնուրույնությունը, ինքնավարությունը, կարևորում են հանրապետական, համահայկական, միջազգային ճանաչման հասած պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրի զարգացումը․

· միակամ է՝ թույլ չտալու կրթահամալիրի ինքնուրույնությունը, ինքնավարությունը կասկածի տակ դնող որևէ գործողություն.

· խնդրում է ՀՀ կառավարությանը արագացնել «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմավորելու որոշման ընդունումը.

· վստահեցնում է, որ դա ոչ միայն որևէ ձևով չի խանգարի կրթության՝ ՀՀ կառավարության ընդունած, հրապարակած ռազմավարական փոփոխություններին, այլ դրական օրինակ կծառայի պետական կազմակերպություններին՝ ըստ իրենց պատրաստության մակարդակի աճի, առավելագույն ինքնուրույնություն դրսևորելու համար։

Կրթահամալիրի խորհուրդն առաջարկում է մինչև կառավարության որոշման ընդունումը սահմանված կարգով կրթահամալիր ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել կրթահամալիրի փոխտնօրեն Սուսան Մարկոսյանին, կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված ինքնավարությունը ապահովելու համար։

Նիստի ամբողջական տեսագրությունը՝ այստեղ:

Խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան

Խորհրդի քարտուղար՝ Տաթև Աբրահամյան

05.09.2020