Skip to content
5 Հունիսի, 2020 / sebastaciradio

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նախագիծ 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» հիմնադրամը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական հեղինակային, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, ոչ ֆորմալ (այդ թվում` լրացուցիչ) կրթական ծրագրեր իրականացնող անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
  2. Կրթահամալիրը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման վկայական՝ N03Ա059272) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան):
  3. Կրթահամալիրն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին», «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Միջին մասնագիտական և նախնական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան։
  4. Կրթահամալիրի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր): Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:
  5. Կրթահամալիրի անվանումն է.
  • հայերեն լրիվ` «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» հիմնադրամ.
  • հայերեն կրճատ` «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր», հապավումը` ՄՍԿՀ.
  • ռուսերեն լրիվ` Фонд «Мхитар Себастаци образовательный комплекс».
  • ռուսերեն կրճատ` Мхитар Себастаци комплекс.
  • անգլերեն լրիվ` Mkhitar Sebastatsi Educational Complex Foundation.
  • անգլերեն կրճատ`Mkhitar Sebastatsi EduComplex.
  1. Կրթահամալիրի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0064, Րաֆֆի փողոց 57:
  2. Կրթահամալիրն ունի կայք`mskh.am  (այսուհետ` mskh.am), որը գործում է որպես կրթահամալիրի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է կրթական ծրագրերի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, նախագծային խմբերի բլոգները, սեբաստացի կրթական բաց համայնքի բլոգը, Բլեյան կրթական բաց ցանցի բլոգը, նրանց  էլեկտրոնային փոստային համակարգը, կրթահամալիրի մեդիագրադարանը,  «Դպիր» էլեկտրոնային մանկավարժական պարբերականը։

 

  1. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
  2. Կրթահամալիրը իրավաբանական անձ է և գործում է անժամկետ:
  3. Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:
  4. Կրթահամալիրն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  5. Կրթահամալիրը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով: Կրթահամալիրը իրավունք ունի բացելու հաշիվներ նաև պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում (այսուհետ` գանձապետարան):
  6. Կրթահամալիրի գործունեության ընթացքում ստացված ամբողջ շահույթը պետք է օգտագործվի կրթահամալիրի կանոնադրական նպատակների իրականացման համար:
  7. Կրթահամալիրն իր կանոնադրությանը համապատասխան՝

1) օգտագործում է հիմնադրի կողմից կրթահամալիրին տրամադրված գույքը.

2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

  1. Կրթահամալիրը կարող է ունենալ իր անվանումը պարունակող՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ, ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացման այլ միջոցներ:
  2. Կրթահամալիրը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպությունների:
  3. Կրթահամալիրի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:
  4. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կրթահամալիրի պարտավորությունների համար, իսկ կրթահամալիրը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: Կրթահամալիրն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:

 

  • ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՆՊԱՏԱԿԸ
  1. Կրթահամալիրի գործունեության առարկան՝ կրթահամալիրի մանկավարժական համակազմի կողմից հեղինակային նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) կրթական ծրագրերի ստեղծում, մշակում, ներդրում, դրանց տարածում, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական կրթական ծրագրերի մշակում և իրականացում, ոչ ֆորմալ (այդ թվում՝ լրացուցիչ) կրթական ծրագրերի իրականացում:
  2. Կրթահամալիրի գործունեության նպատակներն են`
  • կրթահամալիրի աշխատողների մշակած մանկավարժական մոտեցումների փորձարկում, ներդրում.
  • հեղինակային կրթական բաց ցանցի ստեղծում.
  • ազգային դպրոցի հարուստ ավանդույթների վերածնունդ, տարածում.
  • ուսուցման կազմակերպում բաց ճամբարների, ճամփորդությունների միջոցով.
  • այլոց մանկավարժական առաջավոր փորձի, կրթական գործի կազմակերպման որակապես նոր ձևերի ու մեթոդների վերաիմաստավորում, տեղայնացում ու ներդրում.
  • ուսումնամեթոդական հետազոտական, փորձարարական աշխատանքների՝ ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների, ուսուցման նոր մեթոդների ստեղծում, տարածում.
  • մանկավարժական աշխատողների մասնագիտական անընդհատ զարգացման կազմակերպում.
  • կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի տարածում նաև կրթական փոխանակումների միջոցով.
  • սովորողների (այդ թվում՝ նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմանների, ուսուցողական նյութական հետաքրքիր, կանաչ-գեղագիտական, անվտանգ, հիգիենիկ բաց, հարմարեցված միջավայրի ստեղծում.
  • ընդհանուր ներառականության, տեխնոլոգիական հանրակրթության հեղինակային կազմակերպման միջոցով յուրաքանչյուր սովորողի կրթության իրավունքի ապահովում.
  • սովորողների ուսումնառության կազմակերպում թվային միջոցներով, տեղեկատվական արդիական տեխնոլոգիաների հիման վրա.
  • անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժություն.
  • կրթահամալիրի հնարավորությունների համախմբում՝ ընդհանուր, հատուկ (այդ թվում՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) և ոչ ֆորմալ կրթության ինտեգրումը ապահովելու նպատակով.
  • կրթահամալիրի պայմաններում անհատի ընդունակությունների առավելագույն դրսևորում և զարգացում` յուրաքանչյուր անձի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) ցանկալի գործունեության բավարարման ճանապարհով. սովորողների ստեղծագործական աշխատանքի, ինքնակրթության համար իրական պայմանների կազմակերպում.
  • մանկապարտեզի, դպրոց-պարտեզի ու կրտսեր դպրոցի համար հեղինակային մանկավարժությունը յուրացրած դաստիարակների պատրաստում, դաստիարակների և ուսուցիչների վերապատրաստում.
  • արտադրական ուսուցման միջոցով մասնագիտական կրթության իրականացում.
  • հաղորդակցության մանկավարժության մշակում, կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում՝ ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ.
  • կրթական բաց համայնքի գործուն ներառում կրթահամալիրի զարգացման ծրագրերի մշակման, կազմակերպման մեջ.
  • գործընկերների, այդ թվում՝ նաև միջազգային, շարունակական ներգրավում կրթահամալիրի պահպանման և զարգացման ծրագրերի կազմակերպման մեջ։
  1. Կրթահամալիրը անձամբ կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
  • նախադպրոցական դաստիարակություն, միջին մասնագիտական և նախամասնագիտական, ընդհանուր միջնակարգ, ընդհանուր հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) կրթություն.
  • նախապատրաստական դասընթացների կազմակերպում.
  • մասնագիտական լրացուցիչ ուսուցման դասընթացների կազմակերպում.
  • կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.
  • սպասարկման ծառայությունների իրականացում.
  • գրահրատարակչական գործունեության իրականացում.
  • կրթական տեղեկատվական, մշակութային, մարզական գործունեություն և ծառայություններ.
  • կիրառական արվեստի և արհեստների ուսուցում.
  • ուսուցման միջոցների ու պիտույքների, մանկական խաղերի ու խաղալիքների, դպրոցական գույքի մշակում, փորձնական արտադրություն և վաճառք.
  • ծաղկաբուծություն, հրուշակագործություն.
  • լրացուցիչ հանրակրթական ծրագրերի և կրթական ծառայությունների իրականացում.
  • արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
  • համակարգչային ծրագրերի ուսուցման կազմակերպում.
  • և լեզուների ուսուցման կազմակերպում.
  • սովորողների և ուսուցիչների սննդի կազմակերպում.
  • ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
  • կուլտուրաների աճեցում, այգեգործություն.
  • խաղողագործություն, գինեգործություն.
  • անտառային վայրաճ (վայրի) հատապտուղների և մթերքների հավաքում.
  • ֆիլմադարանների և ձայնադարանների ծառայություններ.
  • հեծանիվների նորոգում.
  • կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրություն և տարածում.
  • լուսանկարչության բնագավառի գործունեություն.
  • համերգային գործունեություն.
  • ցուցահանդեսների գործունեություն.
  • փառատոների կազմակերպում.
  • էկոլոգիական կրթության ապահովում.
  • կենդանաբուծություն.
  • մեղվապահություն:

 

  1. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

Կրթահամալիրի շահառուները կրթական, մշակութային, մարզական, արտադրական և սույն կանոնադրությամբ նախատեսված բնագավառներին առնչվող ֆիզիկական ու իրավաբանական անձինք են:

 

 

  1. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
  2. Կրթահամալիրը կառավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` ինքնակառավարման հիման վրա:
  3. Կրթահամալիրը իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Կրթահամալիրի մարմիններն են`
  • հոգաբարձուների խորհուրդը.
  • կառավարիչը (այսուհետ՝ տնօրեն).
  • կրթահամալիրի մասնաժողովը.
  • մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողովը.
  • կրթահամալիրի վարչական խորհուրդը.
  • կրթահամալիրի մասնաճյուղերի սովորողների օրինական ներկայացուցիչների խորհուրդները.
  • սեբաստացի կրթական բաց համայնքի ժողովը.
  • Ավագ դպրոցի սովորողների ժողովը.
  • Քոլեջի ուսանողների ժողովը.
  • սովորողների և մանկավարժական աշխատողների ինքնավարության այլ մարմիններ։
  1. Կրթահամալիրի բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 3 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է կրթահամալիրի մանկավարժական կազմի, սովորողների օրինական ներկայացուցիչների, քոլեջի ուսանողների, կրթահամալիրի շրջանավարտների, լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 15 է:
  2. Կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք:
  3. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողովն իր կազմից ընտրում է հոգաբարձուների խորհրդի 4 (չորս) անդամ։
  4. Կրթահամալիրի մասնաճյուղերի սովորողների օրինական ներկայացուցիչների խորհուրդների միացյալ ժողովն ընտրում է հոգաբարձուների խորհրդի 4 (չորս) անդամ:
  5. Կրթական համայնքի ժողովը կրթահամալիրի շրջանավարտներից ընտրում է հոգաբարձուների խորհրդի 2 (երկու) անդամ:
  6. Կրթահամալիրի Քոլեջի ուսանողների ժողովը ընտրում է հոգաբարձուների խորհրդի 1 (մեկ) անդամ:
  7. Լիազոր մարմինը նշանակում է հոգաբարձուների խորհրդի 4 (չորս) անդամ, որոնց ընտրում է հեղինակային մանկավարժությամբ հետաքրքրված անձանցից՝ կրթության, գիտության, մշակույթի, արտադրության, հանրային կյանքի այլ ոլորտներից, կրթահամալիրի հետ համագործակցող կազմակերպություններից:
  8. Կրթահամալիրի տնօրենը չի կարող լինել հոգաբարձուների խորհրդի անդամ:
  9. Հոգաբարձուների խորհուրդն իր անդամներից ընտրում է խորհրդի նախագահ (բացի ուսանողության ներկայացուցչից)՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  10. Կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի նախագահը, խորհրդի մյուս անդամները չեն համարվում կրթահամալիրում պաշտոն զբաղեցնող անձ և իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:
  11. Կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝

1) ներկայացնելու առաջարկություններ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ, որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ կրթահամալիրի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.

4) ստանալու իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

  1. Կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով կրթահամալիրի շահերից։

  1. Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են կրթահամալիրի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:
  2. Կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝
  • կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.
  • նրա կողմից խորհրդի նիստերին չմասնակցելու դեպքում՝ առաջադրողի նախաձեռնության և հոգաբարձուների խորհրդի որոշման հիման վրա.
  • լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.
  • եթե դադարել են կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.
  • որևէ կարգավիճակով (ուսանող, սովորողի օրինակական ներկայացուցիչ, կրթահամալիրի մանկավարժական աշխատող) առաջադրվելու դեպքում՝ այդ կարգավիճակը կորցնելու հետևանքով.
  • նրա մահվան դեպքում:
  1. Կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում տնօրենը տեղեկացնում է հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին:
  2. Կրթահամալիրի հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են նախագահի կողմից՝ առնվազն եռամսյակը մեկ: Հոգաբարձուների խորհրդի նիստ կարող է գումարվել նաև լիազոր մարմնի, կրթահամալիրի տնօրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին: Հոգաբարձուների խորհրդի նիստը անց է կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ: Առանձին դեպքերում նիստը կարող է կազմակերպվել առցանց (հեռավար): Հոգաբարձուների խորհրդի նիստերը ձայնագրվում են, ինչն էլ հանդիսանում է նիստի արձանագրություն: Խորհուրդը որոշումները ընդունում է բոլոր անդամների համաձայնությամբ։ Հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգերը, ձայնագրությունները, ընդունված որոշումները հրապարակվում են խորհրդի բլոգում։
  3. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են՝
  • իր աշխատակարգի հաստատումը.
  • տնօրենի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, տնօրենի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
  • տնօրենի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.
  • կրթահամալիրի գործունեության զարգացման, տարեկան և այլ ծրագրերի հաստատումը.
  • Կրթահամալիրի՝
  • կառուցվածքի,
  • աշխատանքային և ներքին կարգապահական կանոնների,
  • տնօրենի տեղակալների,
  • մասնաճյուղերի կանոնադրությունների, դրանց ղեկավարների,
  • կրթահամալիրի կառուցվածքային այլ միավորների աշխատակարգերի, ղեկավարների հաստատումը.
  • կրթահամալիրի մասնագիտական խմբերի (այսուհետ՝ մասնախմբեր) ցանկի, մասնախմբի ղեկավարների, մասնաժողովի կազմի, մասնաժողովի աշխատակարգի հաստատումը.
  • կրթական ծրագրերի ուսումնական պլանների հաստատումը.
  • կրթահամալիրում մանկավարժական աշխատողի ընդունելության կարգը.
  • կրթահամալիրի հաստիքացուցակի հաստատումը.
  • կրթահամալիրի եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու կրթահամալիրի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
  • որոշում է կրթահամալիրի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները և կարգը.
  • տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
  • կրթահամալիրի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.
  • հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
  • տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.
  • իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
  • կրթահամալիրի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
  • կրթահամալիրի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
  • կրթահամալիրի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.
  • կրթահամալիրի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
  • հիսուն միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի հաստատումը.
  • օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը։
  1. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանը պատկանող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի։
  2. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու կրթահամալիրի բոլոր փաստաթղթերին։
  3. Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝
    • հրավիրում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
    • ստորագրում է հոգաբարձուների խորհրդի որոշումները.
    • հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ՝ կարող է ստեղծել հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին, մասնավորապես, սույն կանոնադրությամբ նախատեսված կրթահամալիրի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 39-րդ կետի 12-րդ, 13-րդ, 20-րդ ու 21-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկում իրականացնելու և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհուրդ եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.
    • կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը.
    • հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը.
    • կրթահամալիրի անունից տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։
  4. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը։
  5. Կրթահամալիրի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը:
  6. Տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:
  7. Կրթահամալիրի տնօրենը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը։
  8. Կրթահամալիրի տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է կրթահամալիրի հոգաբարձուների խորհուրդը:
  9. Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով։ Կրթահամալիրի անունից պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի  նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի  լիազորած այլ անձ:
  10. Կրթահամալիրի տնօրենը՝
  • ղեկավարում է կրթահամալիրի կրթական, մանկավարժական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը.
  • առանց լիազորագրի հանդես է գալիս կրթահամալիրի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.
  • տալիս է կրթահամալիրի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
  • կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների, աշխատակազմի և մասնաճյուղերի տնօրենների միջև.
  • կազմակերպում է կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները՝ ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.
  • սահմանված կարգով իրականացնում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.
  • վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման աստիճանի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, կրթահամալիրի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
  • տարեկան հաշվետվություն է ներկայացնում կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդին.
  • կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, զարգացման ռազմավարական ծրագրերը, կրթահամալիրի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, կրթահամալիրի կառուցվածքը և հաստիքացուցակը.
  • կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ որոշումների նախագծեր.
  • կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում՝ օրինակելի), կանոնակարգերը, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները, այլ ներքին իրավական ակտեր.
  • աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների վերապատրաստումը.
  • օրենսդրությանը, սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները.
  • բանկերում բացում է կրթահամալիրի հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) և այլ հաշիվներ, այդ թվում գաձապետարանում.
  • կնքում է մինչև հիսուն միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր. նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման՝ հոգաբարձուների խորհրդի կողմից.
  • արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր.
  • կասեցնում է կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը, և նշանակում է դրանց վերաքննարկում.
  • իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը։
  1. Տնօրենը ընտրվում է հոգաբարձուների խորհրդի որոշած կանոնակարգի համաձայն:
  2. Տնօրենին պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Կրթահամալիրի փոխտնօրենները նշանակվում են տնօրենի հրամանով և իրականացնում են կրթահամալիրի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում՝ տնօրենի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:
  4. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ծրագրային-մեթոդական, ուսումնական-հետազոտական, մասնագիտական զարգացման գործունեությունը կազմակերպում են մասնագիտական խմբերը (մասնախմբեր):
  5. Կրթահամալիրի մասնախմբերի, ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների ղեկավարները ձևավորում են կրթահամալիրի մասնաժողովը (այսուհետ՝ մասնաժողով): Մասնաժողովը կրթահամալիրի մանկավարժական, ուսումնամեթոդական, հետազոտական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:
  6. Մասնաժողովը ղեկավարում է տնօրենը: Մասնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով: Մասնաժողովի նիստերը կարող են անցկացվել  առցանց: Մասնաժողովին ներկայացվող նյութերը պատրաստվում են հեռավար, առցանց քննարկումների միջոցով:
  7. Մասնախմբերի ցանկը, մասնախմբերի ղեկավարներին, մասնաժողովի կազմը, մասնաժողովի աշխատակարգը տնօրենի ներկայացմամբ հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:
  8. Կրթահամալիրի մասնաժողովը՝
    • հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում կրթահամալիրի հանրակրթական ծրագրերի, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ծրագրերի ուսումնական պլանները.
    • հաստատում է կրթահամալիրում իրագործվող ծրագրերը, հետազոտական և մեթոդական աշխատանքների թեմաները.
    • լսում է ամենամյա կրթահամալիրային նախագծերի ծրագրերը և հաշվետվությունները.
    • որոշում է կրթահամալիրի ամենամյա մրցանակների մրցանակակիրներին.
    • լսում է կրթահամալիրի ուսումնական կենտրոնների, մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի գործունեության ամսական հաշվետվությունները։
  9. Կրթահամալիրի վարչական խորհուրդը տնօրենին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է կրթահամալիրի տնօրենի հրամանով և քննարկում է կրթահամալիրի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչական խորհրդի կանոնակարգը հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  10. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ամենամսյա ընդհանուր ժողովում հրապարակվում, հանրայնացվում են կրթահամալիրի օրացուցային նախագծերը, դրանց հաշվետվությունները, հեղինակային կրթական ծրագրի խնդիրները, հեղինակային կրթական ծրագրով ձեռքբերումները։ Մանկավարժական աշխատողների ժողովի աշխատակարգը հաստատում է կրթահամալիրի տնօրենը։ Մանկավարժական աշխատողների ժողովն իր կազմից ընտրում է հոգաբարձուների խորհրդի անդամների։
  11. Կրթահամալիրի մասնաճյուղերի սովորողների օրինական ներկայացուցիչների խորհուրդները մասնաճյուղերում ստեղծված ինքնավարության մարմիններ են, որոնց միացյալ ժողովն ընտրում է կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի անդամների։
  12. Սեբաստացի կրթական բաց համայնքը ձևավորում են կրթահամալիրի աշխատողները, սովորողները, նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները), կրթահամալիրի ավագ դպրոցի, քոլեջի շրջանավարտները, կրթահամալիրի բարեկամները, գործընկերները։ Համայնքը գործուն մասնակցում է հեղինակային կրթական ծրագրի մասին հանրային կարծիքի ձևավորմանը, կրթահամալիրի զարգացման ծրագրերի հանրայնացմանը, կրթահամալիրին հանրային աջակցության կազմակերպմանը, կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի շարունակականության ապահովմանը։ Համայնքը կրթահամալիրի շրջանավարտներից ընտրում է հոգաբարձուների խորհրդի անդամների։
  1. Ավագ դպրոցի սովորողների, քոլեջի ուսանողների ժողովները սովորողների ինքնավարության մարմիններ են, մասնակցում են հեղինակային կրթական ծրագրերի զարգացման, ձեռքբերումների, խնդիրների, մասնաճյուղերի մանկավարժական խորհուրդների քննարկումներին, իրենց իրավասության շրջանակում կազմակերպում են քննարկումներ, նախաձեռնում են ճամբարներ, ստեղծագործական հավաքներ։ Քոլեջի ուսանողների ժողովը ընտրում է հոգաբարձուների խորհրդի անդամ:
  1. Կրթահամալիրի մարմիններում առաջադրման, ընտրման, դրանց որոշումների ընդունման համար քվեարկության կարգերն ապահովում են յուրաքանչյուրի մասնակցության հնարավորությունը, կազմակերպվում են էլեկտրոնային եղանակով։
  1. Լիազոր մարմինը, կրթահամալիրի, մասնաճյուղերի տնօրենները, նրանց տեղակալները, խորհրդի անդամները կրթահամալիրի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն՝ ի շահ իրենց կողմից ներկայացվող կրթահամալիրի (մասնաճյուղի):

 

  1. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
  2. Կրթահամալիրի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել, ձեռնարկատիրական գործունեության նոր տեսակներ սահմանել կարող են ինչպես կրթահամալիրի հիմնադիրը, այնպես էլ կրթահամալիրի հոգաբարձուների խորհուրդը՝ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
  3. Կրթահամալիրի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել կրթահամալիրի նպատակներին կամ շահառուներին:

 

  • ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
  1. Կրթահամալիրն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ։
  2. Կրթահամալիրն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները։
  3. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս կրթահամալիրն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում։
  4. Կրթահամալիրը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է իր կանոնադրությանը կամ ծառայում իր կանոնադրական նպատակների իրականացմանը։ Կրթահամալիրը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել ինքնուրույն կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից։ Կրթահամալիրի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։
  5. Կրթահամալիրը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով։
  6. Հիմնադրի կողմից կրթահամալիրին, որպես հիմնադրի ներդրում, հանձնված գույքը կրթահամալիրի սեփականությունն է, կրթահամալիրն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։
  7. Կրթահամալիրի սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը կրթահամալիրի սեփականությունն են։ Կրթահամալիրն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։
  8. Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը, ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները կրթահամալիրի սեփականությունն են։
  9. Կրթահամալիրի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ կրթահամալիրի մարմինների անդամների, ինչպես նաև կրթահամալիրի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի, կրթահամալիրի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ կրթահամալիրի հիմնադիրը, կրթահամալիրի մարմինների անդամները, ինչպես նաև կրթահամալիրի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են։

 

  • ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
  1. Կրթահամալիրը նախադպրոցական, հանրակրթական (այդ թվում՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, ոչ ֆորմալ (այդ թվում՝ լրացուցիչ) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ մասնաճյուղ) փորձարարական-հետազոտական միավորում է:
  2. Կրթահամալիրի կազմակերպական կառուցվածքը կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է հոգաբարձուների խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար կրթահամալիրն ստեղծում է մասնաճյուղեր, կենտրոններ, ծառայություններ, ուսումնաարտադրական արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ, կրթական փոխանակումների կենտրոն՝ իր կացարաններով, մանկավարժության կենտրոն, գրադարան, լրացուցիչ կրթության կենտրոններ, որոնց աշխատակարգերը կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի հոգաբարձուների խորհուրդը:
  3. Մասնաճյուղը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ: Մասնաճյուղը կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
  4. Կրթահամալիրի մասնաճյուղի գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի, մասնաճյուղի կանոնադրություններով:
  5. Մասնաճյուղի կանոնադրությունը կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:
  6. Մասնաճյուղի ղեկավարին (տնօրենին) կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:
  7. Կրթահամալիրի մասնաճյուղերն են՝

ա) Կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզ (ք. Երևան, Ա. Բաբաջանյան 47/1), Արևմտյան դպրոց-պարտեզ (ք. Երևան, Ա. Բաբաջանյան 38/1), Հյուսիսային դպրոց-պարտեզ (ք. Երևան, Րաֆֆու 69/1), Հարավային դպրոց-պարտեզ (ք. Երևան, Իսակովի պ. 52/6), Միջին դպրոց (ք. Երևան, Ա, Բաբաջանյան 25), Ավագ դպրոց (ք. Երևան, Ա.Բաբաջանյան 25) հանրակրթական ուսումնական հաստատությունները.

բ) միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող Քոլեջ հաստատությունը (ք. Երևան, Անդրանիկի 92/1).

գ) Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց (ք. Երևան, Րաֆֆու 69/1), Երաժշտության դպրոց (ք. Երևան, Ա, Բաբաջանյան 25), Ծեսի, պարի և թատրոնի դպրոց (ք. Երևան, Ա, Բաբաջանյան 25), Մարզադպրոց (ք. Երևան, Ա, Բաբաջանյան 25), Շախմատի դպրոց (ք. Երևան, Րաֆֆի 57), Արատեսի դպրոց բնության գրկում (Վայոց ձորի մարզ), Ուսումնական ագարակ (ք. Երևան, Ա, Բաբաջանյան 38/2), Խաղողի ու գինու դպրոց (ք. Երևան, Անդրանիկի 92/1), գրադարան (ք. Երևան, Րաֆֆի 57) ուսումնական կենտրոնները, որոնք նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ են:

  1. Կրթահամալիրի դպրոց-պարտեզների, քոլեջի մանկապարտեզային խմբերը բազային են կրթահամալիրի քոլեջի ուսանողների համար. ուսանողները, նրանց դասախոսները ուսումնական պլանով և աշխատակարգերով նախատեսված մեթոդական-հետազոտական աշխատանքներ են կատարում, ուսանողները ուսումնական փորձառություն են անցնում:
  2. Կրթահամալիրի ուսումնական կենտրոնների հնարավորությունները լիարժեք ծառայում են նաև կրթահամալիրի հանրակրթական դպրոցների և քոլեջի ուսումնական պլանով նախատեսված առարկաներին և պարապմունքներին:
  3. Կրթահամալիրում ուսուցման լեզուն գրական հայերենն է: Լիազոր մարմնի սահմանած կարգով ազգային փոքրամասնությունների համար ստեղծված դասարանում (դասարաններում) ուսուցումն իրականացվում է մայրենի լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ:
  4. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, սովորողի անհատական ուսումնական պլանի, մանկավարժական աշխատողի անհատական պլանի, կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի և դասացուցակների հիման վրա:
  5. Կրթական ծրագրի ուսումնական պլանը, դասընթացների հեղինակային ծրագրերը, ուսուցման կազմակերպման ձևերը, գնահատման համակարգը մշակվում են կրթական պետական չափորոշիչների, հենքային ուսումնական պլանների, կրթական ծրագրի չափորոշչի հիման վրա։
  6. Ուսումնական գործընթացը կազմակերպվում է խմբով՝ դասարան, կուրս, սովորողների ընտրությամբ գործունեության և դասընթացի ուսուցման խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելության խումբ, մասնագիտական փորձառության խումբ և անհատական:
  7. Խմբերում սովորողների թիվը որոշվում է Կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
  8. Խմբային ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքներով՝ դաս, ակումբային պարապմունք, ուսումնական նախագիծ, ուսումնական-հայրենագիտական ճամփորդություն, մասնագիտական փորձառություն, ճամբար, ստեղծագործական հավաք, ստուգատես, համերգ, ցուցահանդես, ներկայացում՝ ապահովելով ուսուցման անհատականացում, ուսուցման կազմակերպման (տեղ, ձև, ժամանակ, պայմաններ) հարմարվածությունը անհատին, ամբողջական ներառականություն։
  9. Կրթական ծրագրով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային, ընտանեկան ուսուցման ձևեր՝ սովորողին տալով իրավիճակին, պայմաններին, առանձնահատկություններին համապատասխան՝ ուսուցման ձևի ընտրություն:
  10. Ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, այդ թվում՝ Սովորողի տնային ուսումնական աշխատանքը, ուղղված են Սովորողի անհատական կրթական պատվերի կատարմանը: Ոչ ֆորմալ կրթական ծրագիրը՝ որպես ծառայություն, իրականացվում է մասնաճյուղերում, ուսումնաարտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում:
  11. Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը կազմակերպում, համակարգում է կրթահամալիրի ուսումնական օրացույցը, դրանով որոշված կրթահամալիրային գործունեությունը:
  12. Մանկավարժության լաբորատորիան կազմակերպում և համակարգում է կրթահամալիրում իրականացվող ուսումնամեթոդական հետազոտական աշխատանքները: Մանկավարժության լաբորատորիան ղեկավարում է կրթահամալիրի տնօրենի տեղակալը ուսումնա-հետազոտական գծով: Լաբորատորիան իր աշխատանքները իրականացնում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների միջոցով: Կարող է ներգրավել նաև այլ աշխատողներ՝ պայմանագրային հիմունքներով:

 

 

  1. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
  2. Կրթահամալիրն իր նպատակների իրականացման համար ֆինանսավորվում է հիմնադրի կողմից: Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են ՀՀ պետական բյուջեի և ՀՀ օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:
  3. ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող կրթական, պետական այլընտրանքային կրթական ծրագրով մեթոդական-հետազոտական, փորձարարական և այլ աշխատանքների պլանավորումը, ֆինանսավորումը, հաշվետվությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Կրթահամալիրի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են՝
  • Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց նվիրատվությունները, դրամաշնորհները.
  • կրթահամալիրի վճարովի կրթական ծառայությունների մատուցումից առաջացած միջոցները.
  • բարեգործական, նպատակային ներդրումները.
  • Կրթահամալիրի ստեղծած և (կամ) իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
  • հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, մարզական, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).
  • օրենքով չարգելված այլ միջոցներ:

 

  1. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐՆ ՈՒ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ
  2. Կրթահամալիրի աշխատողները բաժանվում են մանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ, արտադրական և այլ տարակարգերի:
  3. Կրթահամալիրի սովորողներն են կրթահամալիրի մասնաճյուղերի մանկապարտեզային խմբերի սաները, հանրակրթական դասարանների սովորողները, քոլեջի ուսանողները, ոչ ֆորմալ, այդ թվում՝ լրացուցիչ կրթական ծառայություն ստացողները:
  4. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության հեղինակն է. նա իր բլոգի միջոցով՝
  • գործուն մասնակցում է հեղինակային կրթական ծրագրի ստեղծմանը՝ կրթական ծրագրի ուսումնական պլանի, կազմակերպման կարգերի, դասընթացների ծրագրերի, ուսումնական պարապմունքների ձևերի, սովորողի, իր անհատական պլանների, ուսումնական պարապմունքների ձևերի, ուսումնական աշխատանքի գնահատման, ուսումնական նախագծերի, այդ թվում՝ սովորողի ընտրությամբ գործունեություն, նախասիրությունների զարգացման դասընթաց, ուսումնական ճամփորդություն, հայրենագիտական-արշավախմբային, բնապահպանական, ընթերցողական, ստեղծագործական ճամբար, պլեներ, ստեղծագործական հավաք, կրթական փոխանակման, հանրակրթական կամուրջների, հեղինակային կրթական ծրագրի տարածման այլ նախագծեր, բլոգային ուսուցման պայմանների-պահանջների, հանրակրթական ստուգատեսների, ուսումնական նյութական և մեդիա միջավայրի մշակմանը, կազմակերպմանը, տարածմանը.
  • պատասխանատու է իր մասնագիտական զարգացման համար, կարող է ստեղծել, վարել մասնագիտական զարգացման դասընթաց.
  • կրթահամալիրի մասնախմբի անդամ է, կարող է ընտրվել որպես մասնախմբի ղեկավար։

Կրթահամալիրում մանկավարժական աշխատանքի կարող է ընդունվել կրթահամալիրի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագրությամբ որոշված պահանջներին բավարարող մասնագետը՝ հոգաբարձուների խորհրդի որոշած հրապարակային ընտրության կարգով:

  1. Կրթահամալիրի մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, աշխատողի պաշտոնի նկարագրությամբ, աշխատանքային պայմանագրով:
  2. Կրթահամալիրի մասնաճյուղի սովորողի և նրա օրինական ներկայացուցչի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքներով, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, ուսումնառության պայմանագրով:
  3. Կրթահամալիրի մասնաճյուղի սովորողը, նրա օրինական ներկայացուցիչը պատասխանատվություն են կրում ներքին կարգապահական կանոններով, ուսումնառության պայմանագրով որոշված իրենց պարտականությունների կատարման համար:
  4. Կրթահամալիրի մասնաճյուղը կարող է միակողմանի ձևով լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով սովորողին, նրա օրինական ներկայացուցչին՝ նրա և մասնաճյուղի միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ օրինական ներկայացուցչի կողմից չպահպանվելու դեպքում:

 

  1. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
  2. Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով կրթահամալիրը վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:
  3. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ կրթահամալիրը հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում պարտավոր է հրապարակել՝
  • հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը..
  • հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնադրամի ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:
  1. Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման կարգը սահմանում է Պետական եկամուտների կոմիտեն:
  2. Կրթահամալիրի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
  3. Կրթահամալիրի կողմից «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

 

 

  • ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
  1. Կրթահամալիրը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով։
  2. Կրթահամալիրը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։
  3. Կրթահամալիրի լուծարումը նրա գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։
  4. Կրթահամալիրը լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա։ Հիմնադրամի անունից, որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը։
  5. Կրթահամալիրը կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում։
  6. Կրթահամալիրը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  7. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին կրթահամալիրը պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: