1. Նախարարությունը կրթահամալիրի կանոնադրության գրանցման պահից հետո 30 օրվա ընթացքում ձևավորում է կրթահամալիրի խորհրդի նոր կազմը (15 անդամ): Մինչև խորհրդի նոր կազմի ձևավորումը խորհրդի գործառույթներն իրականացնում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ձեռնարկության գործող խորհուրդը:

Խորհրդի անդամների թեկնածուներ առաջադրում են`
1) կրթահամալիրի աշխատողների ժողովը, որը փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի մանկավարժական աշխատողներին (4 անդամ).
2) մասնաճյուղերի ծնողական խորհուրդները, որոնք փակ քվեարկությամբ, ընտրում են Խորհրդի իրենց անդամներին (2 անդամ` դպրոց-պարտեզներից, մեկական՝ Միջին դպրոցից և Ավագ դպրոցից).
3) Քոլեջի, Ավագ դպրոցի սովորողների ժողովները ներկայացնում են իրենց թեկնածուներին (երկուական անդամ):
Նախարարությունը նշանակում է իր ներկայացուցիչներին (3 անդամ):
Կրթահամալիրի խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք:
Կրթահամալիրի տնօրենը չի կարող առաջադրվել (ընտրվել) խորհրդի կազմում:

  1. Խորհրդի լիազորությունների ժամկետը 3 տարի է:
  2. Կրթահամալիրի խորհրդի առաջին նիստը գումարվում է նախարարության պահանջով` խորհրդի անվանական կազմի հաստատումից հետո` 7 օրվա ընթացքում: Խորհրդի առաջին նիստում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ ընտրվում է խորհրդի նախագահ` խորհրդի լիազորության ամբողջ ժամկետով: Խորհրդի նախագահի լիազորությունները կարող են դադարել իր դիմումի համաձայն:
  3. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են`

ա) առաջադրողի նախաձեռնությամբ և խորհրդի որոշմամբ,
բ) իր դիմումի համաձայն:
Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում ներկայացնում է նոր անդամին:

  1. Խորհուրդը`

ա) նախարարության սահմանած մրցույթի անցկացման կարգի համաձայն ընտրում է կրթահամալիրի գործադիր տնօրեն, հաստատում նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, սահմանում տնօրենի վարձատրության կարգը.
բ) գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է գործադիր տնօրենի տեղակալներին, մասնաճյուղի ղեկավարի հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, սահմանում մասնաճյուղի ղեկավարի վարձատրության կարգը.
գ) որոշում է ընդունում կրթահամալիրի աուդիտն անցկացնելու մասին (կրթահամալիրի բյուջեի հաշվին) և հաստատում աուդիտն իրականացնողի վարձատրության չափը.
դ) հաստատում է կրթահամալիրի կազմակերպական կառուցվածքը, աշխատանքային ու ներքին կարգապահական կանոնները, կրթահամալիրի ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաստիքային ցուցակը, ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունները և առաջարկություն ներկայացնում նախարարությանը.
ե) քննարկում է հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, հիմնադրի կողմից սահմանված կարգով որոշում է կրթահամալիրի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները և կարգը, առաջարկություններ ներկայացնում հիմնադրին` կրթահամալիրի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու.
զ) հաստատում է իր աշխատակարգը, ընտրում խորհրդի նախագահ.
է) կրթահամալիրի գործունեության առարկային, նպատակներին և խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը, մասնաժողովի ներկայացմամբ հաստատում կրթահամալիրում իրագործվող ծրագրերը, հետազոտական և մեթոդական աշխատանքների թեմաները, մասնաճյուղերի ուսումնական պլանները.
ը) հաստատում է կրթահամալիրի մասնաճյուղերի ամենամյա ծախսերի նախահաշիվը, սահմանված կարգով գործադիր տնօրենի միջոցով նախարարություն է ներկայացնում կրթահամալիրի հաստիքացուցակը, քննարկում ամենամյա ֆինանսական և կրթական հետազոտական գործունեության հաշվետվությունները.
թ) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) սույն կանոնադրությամբ ու մասնաճյուղերի կանոնադրություններով նախատեսված լիազորություններ:

  1. Նախարարության (նրա ղեկավարության) կամ կրթահամալիրի ենթակայության փոփոխումը չի կարող հիմք հանդիսանալ խորհրդի լիազորությունների դադարեցման համար:
  2. Խորհրդի նախագահը`

ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
բ) նախագահում է խորհրդի նիստերը.
գ) կազմակերպում է խորհրդի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք:

  1. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:
  2. Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև նախարարության, գործադիր տնօրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով:
  3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
  4. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի: Խորհրդի նիստերն արձանագրվում են և հրապարակվում խորհրդի կայքէջում, mskh.am-ում:

Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում:

  1. Նախարարությունը, կրթահամալիրի, մասնաճյուղերի տնօրենները, նրանց տեղակալները, խորհրդի անդամները կրթահամալիրի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող կրթահամալիրի (մասնաճյուղի):
  2. Կրթահամալիրի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

«Մխիթար Սեբասռացի» կրթահամալիր կառավարման խորհրդի աշխատակարգ

Խորհուրդը կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված իր լիազորությունը, գործունեությունը իրականացնում է նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից՝ առնվազն եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև նախարարության, գործադիր տնօրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով:

Խորհրդի օրակարգը, հարցերի վերաբերյալ նյութերը նիստից մեկ շաբաթ առաջ տեղադրվում են կրթահամալիրի կայքում, կրթահամալիրի կառավարման խորհրդի էլեկտրոնային էջում: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

Խորհրդի նիստում զեկուցողը ներկայացնում է համապատասխան հարցը, պատասխանում խորհրդի անդամների հարցերին: Նիստից հետո մեկ շաբաթվա ընթացքում խորհրդի անդամը կարող է քննարկվող հարցի մասին իր վերաբերմունքը, առաջարկությունները ներկայացնել խորհրդին: Խորհրդի որոշումները ընդունվում են համաձայնությամբ՝ յուրաքանչյուրի կարծիքը քննարկելով:

Խորհրդի նիստերը ձայնագրվում են և տեղադրվում խորհրդի էլեկտրոնային էջում: